3 մարտի 2008 - 18:02 AMT
Հետաձգվել է Վատիկանի պետքարտուղարի այցը Հայաստան
Մարտի 2-6-ը Վատիկանի պետական քարտուղար, Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան հետաձգվում է: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ կարդինալ Բերտոնեն պետք է ժամաներ Հայաստան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով: Այցի ընթացքում նախատեսվում էին կարդինալի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Նախատեսվում էին նաեւ այցելություններ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մատենադարան, Մայր Թերեզայի քույրերի կենտրոն, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Կարդինալը մտադիր էր նաեւ այցելել Հայաստանի Շիրակի մարզ կաթոլիկ համայնքի հետ հանդիպելու համար: