4 մարտի 2008 - 17:09 AMT
Ադրբեջանական ԶՈՒ-ն փորձում էին գրավել հայկական դիրքերը
Ադրբեջանը փորձել է Հայաստանի ներքաղաքական լարվածությունը օգտագործել եւ խախտել է զինանադադարը Մարտակերտի շրջանում: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները փորձել են խորանալ հայկական տարածք եւ գրավել հայկական դիրքերից մեկը, սակայն ետ են մղվել: «Հայկական կողմից վիրավորներ կան, ադրբեջանցի զինվորներից երկուսը սպանված են»,- հաղորդել է Վարդան Օսկանյանը: Նա նաեւ նշել է, որ փոխհրաձգությունը շարունակվում է, սակայն ոչ այդքան ինտենսիվ: «Մենք արդեն համապատասխան հայտարարություն ենք ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկին զինադադարը խախտելու մասին եւ հուսով ենք, որ մոտ ապագայում իրադրությունը կկարգավորվի: Միեւնույն ժամանակ, ես պետք է ընդգծեմ, որ եթե ինչ-որ մեկին Բաքվում թվում է, որ մեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական իրավիճակի վրա եւ Ադրբեջանը կարող է իր դիրքերը առաջ տանել, ապա նա սխալվում է: Դա նրանց պարզապես չի հաջողվի անել»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: