23 հունվարի 2018 - 11:16 AMT
ՀՀ-ում սպառազինության միջազգային ցուցահանդես կանցկացվի

Հայաստանում մարտի 29-31-ը կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ձեռնարկությունների նորարարական մշակումները:

Ցուցահանդեսը կազմակերպում են ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն:

ՊՆ վարչական համալիրում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցեր, ամփոփվել 2017 թվականին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կատարած աշխատանքները և ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի կատարման ընթացքը: