25 հունվարի 2018 - 11:36 AMT
Բալայան. Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն իր դիվանագիտական ձախողումներից

Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն իր դիվանագիտական ձախողումներից՝ սադրանքների դիմելով Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Բաքուն փորձում է փոխհատուցել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվի»,-ասվում է գրառման մեջ:

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: