«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2018-2022 մաստեր-պլանով նախատեսվում է քանդել օդանավակայանի հին մասնաշենքը, պահպանելով աշտարակը։
Կառավարության հավանությանը ներկայացված փաստաթղթում նշվում է, որ շենքը նախատեսվում է վերջնականապես քանդել 2018-2019 թվականներին՝ քաղաքապատերանի կողմից թույլտվություն ստանալու դեպքում:
Քանդման վրա կծախսվի $750.000, աշտարակի ամրացման վրա՝ $1 մլն։
Փաստաթղթում նշվում է, որ 2018-22 թվականներին ակնկալվում է ուղևորահոսքի աճ տարեկան մինչև 2,8-2,9 մլն ուղևոր։ Ակնկալվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ընդունված «բաց երկնքի» նոր քաղաքականության շնորհիվ հաջորդ տարիների ընթացքում ուղևորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի:
«Միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարում ուղևորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, մենք պլանավորում ենք ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների միաժամանակ վայրէջք և թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք կապահովի ուղևորների հարմարավետության համար նստեցման հատվածում», - ասվում է փաստաթղթում:
Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023 թվականներին: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018-ին:
Մինչև 2030-ը տարեկան 6 մլն ուղևորահոսքի հասնելու դեպքում, համաձայն փաստաթղթում ընգրկված գծագրերի, նախատեսվում է 2-րդ տերմինալի կառուցում ու նստեցման հատվածի էլ ավելի մեծ ընդլայնում։