30 հունվարի 2018 - 14:44 AMT
Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի Օլիմպիադայում

Դոպինգ սպա Անժելա Սահակյանն աշխատելու է Փհենչհանի Օլիմպիադայում: Նա մասնակցել է մրցույթին և ընդգրկվել 45 մասնակիցների ցանկում:

«Քանի որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը բավականաչափ փորձ ունի, և մենք արդեն բարձրակարգ դոպինգ սպաներ ունենք, որոշեցինք մասնակցել այս ձմեռային օլիմպիական խաղերի համար հայտարարված մրցույթին: Մեր առաջատար դոպինգ սպաներից Անժելա Սահակյանը ներկայացրեց իր կրթության և գործունեության մասին մանրամասն լրացված հայտ: Ուրախալի է, որ առանց որևէ լրացուցիչ հարցի և խնդրի Անժելան ընդգրկվեց 45 ընտրյալների մեջ»,- ասել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ, կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականին:

ՀԱՕԿ-ն իր վրա է վերցրել Անժելա Սահակյանի ճանապարհածախսը Փհենչհան:

Անժելա Սահակյանն օլիմպիական խաղերում ներգրավված է լինելու ինչպես արտամրցումային, այնպես էլ մրցումային դոպինգ ստուգումների աշխատանքներում:

Ամառային և ձմեռային վերջին երկու օլիմպիական խաղերում աշխատելու նպատակով նաև տարբեր երկրներից դոպինգ սպաներ են հրավիրվում, որպեսզի Խաղերի ժամանակ մարզիկների դոպինգ ստուգման որակն ավելի բարձր լինի: Հակադոպինգային կազմակերպություններն օլիմպիական խաղերից առաջ, համապատասխան, հրավեր-նամակ են ստանում, որով առաջարկվում է հնարավոր թեկնածուների գիտելիքների, աշխատանքային փորձի և այլ մասնագիտական որակների մասին հանգամանալից տեղեկություններ ուղարկել: