6 մարտի 2008 - 14:56 AMT
Երեւանում արտակարգ դրության խախտման դեպքեր չեն գրանցվել
Մարտի 6-ի դրությամբ Երեւանում արտակարգ դրության խախտման դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, արտակարգ դրության ռեժիմի պահանջները կատարում են ինչպես հայկական բանակը, այնպես էլ հասարակությունը:

Գլխավոր շտաբի պետը կարեւորել է նաեւ ԶԼՄ-ների դերը ԱԴ ռեժիմի պահանջների վերաբերյալ հանրությանը իրազեկելու գործում: «Փաստորեն, ԶԼՄ-ները կամրջի դեր են կատարում ԶՈւ-ի եւ հանրության միջեւ»,-ասել է Ս.Օհանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից Երեւանում հաստատվել է արտակարգ դրություն 20 օր ժամկետով` այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ընդհարումների: