6 մարտի 2008 - 20:24 AMT
Փիթեր Սեմնեբի. Հարկավոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանում իրավիճակի կարգավորման համար
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Փիթեր Սեմնեբին իր գնահատականները ներկայացրեց հետընտրական իրադարձությունների վերաբերյալ` նշելով, որ Եվրոպական Միությունը հայտարարությամբ արտահայտել է դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ եւ շարունակում է հետեւել զարգացումներին: Կողմերը նշեցին, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրությունը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով, ընդգծեցին նաեւ, որ Հայաստանում կայունության պահպանումը երկրի զարգացման, նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության երաշխիքն է: Նախարար Օսկանյանը ԵՄ ներկայացուցչին ներկայացրեց ԼՂՀ Մարտակերտի շրջանում երեքշաբթի օրը տեղի ունեցած միջադեպի մանրամասները: