Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը և RD Group ներդրումային հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին գրում է ռուսական «Վեդոմոստին» իր աղբյուրների վրա հղումով:
Բիզնեսը կիսվելու է Avica Management Company-ի գծով, որի ակտիվների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար: Այդ ակտիվները ներառում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոմանով դվոր» գործարար թաղամասը, «Տարվա եղանակներ», Dream House առևտրի կենտրոնները, «Օբի Բորովսկոյե (Մոսկվա)» և «Օբի Պուլկովսկոյե» հիպերմարկետները, բաժնեմասերը «Վոզդվիժենկա» բիզնես կենտրոնում, այլ ընկերություններում և օբյեկտներում:
Ըստ աղբյուրների, հայ գործարարները պայմանավորվել են, որ բոլոր առևտրի կենտրոնները կանցնեն Ադիբեկյանին, իսկ գրասենյակային ակտիվները՝ Ռուբեն Վարդանյանին:
Ըստ պարբերականի, որոշումը կայացվել է դեռ մի քանի ամիս առաջ: Նշվում է, որ գործարարները տարակարծություններ ունեն բիզնեսի զարգացման և կառավարմանն առնչվող հարցերում, ուստի որոշել են զբաղվել յուրաքանչյուրն իր նախագծերով:
Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները հրաժարավել են մեկնաբանություններից:
Ռուբեն Վարդանյանը 99-րդն է Forbes ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում՝ նրա կարողությունը գնահատվում է 950 մլն դոլար: Հեղինակավոր գործարար և բարեգործ Գագիկ Ադիբեկյանը ստեղծում է Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամը: