ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթն առաջին անգամ Հայաստան է բերվել 2018-ի փետրվարի 7-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի ներկայացուցիչ Դենիս Ջորկաեֆը՝ հերքելով որոշ լրատվամիջոցներով տարածված թյուր տեղեկությունը, թե սա առաջին դեպքը չէ, որ Գավաթը բերվում է Հայաստան:
Ըստ այդ տեղեկատվության, Գավաթն արդեն եղել է ՀՀ-ում 1999-ին, երբ 1998-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆրանսիայի ազգային հավաքականի հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն այն Երևան էր բերել իր թիմակիցների հետ ու ցուցադրել փակ միջոցառման ժամանակ:
Ըստ Դենիս Ջորկաեֆի, 1999 թվականին Երևան ժամանած Ֆրանսիայի ընտրանին իր հետ բերել էր ոչ թե ոսկե գավաթի բնօրինակը, այլ դրա ոսկեջրած կրկնօրինակը:
«Հայաստան այն ժամանակ բերվել է գավաթի կրկնօրինակը»,- նշեց Ջորկաեֆի ներկայացուցիչը:
Նա տեղեկացրեց նաև՝ կանոնների համաձայն, Գավաթը պետք է մնա ՖԻՖԱ-ի տնօրինության ներքո՝ Ցյուրիխում գտնվող Ֆուտբոլի աշխարհի թանգարանում, և ոչ թե հաղթող թիմի մոտ: Աշխարհի չեմպիոնները փոխարենը Գավաթի ոսկեզօծ կրկնօրինակն են ստանում, որի վրա փորագրվում են հաղթանակի տարեթիվը, հյուրընկալող երկրի ու հաղթող երկրի անունը:
Փետրվարի 7-ին Կոկա-Կոլա-ի հետ համաշխարհային շրջագայության շրջանակում ՖԻՖԱ Աշխարհի առաջնության ոսկե գավաթն առաջին անգամ բերվեց նաև Հայաստան: Այս շրջագայությունները ֆուտբոլասերներին բացառիկ հնարավորություն են ընձեռում՝ մոտիկից տեսնելու և լուսանկարելու ֆուտբոլի ամենանշանավոր գավաթի ոսկե բնօրինակը:
Ոսկե մրցանակն ուղեկցող ՖԻՖԱ և Կոկա-Կոլա ընկերության պատվիրակության կազմում էր նաև 1998 ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն, սիրված ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն, որն ասուլիսի ավարտին Գավաթը դուրս բերեց ֆուտբոլասերների համար Ազատության հրապարակում հանրային ցուցադրության:
Գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը Քրիստիան Կարամբյոն այն փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: