14 փետրվարի 2018 - 16:09 AMT
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահին կհանդիպի մինչև փետրվարի 18-ը

Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 14-ին հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ մասին հայտարարել է Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա հայտնել է նաև, որ մինչև փետրվարի 18-ն Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում՝ 19-ից 28-ը:

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

Ընթերցեք նաև. Արմեն Սարգսյան. Ցանկացած բռնություն անընդունելի է