11 մարտի 2008 - 16:26 AMT
Հայաստանի ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀՇ առաջնորդներ Արարատ Զուրաբյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ԱԱԾ-ում, նրանց կասկածում են Հայաստանի ՔՕ 300-րդ հոդվածով (իշխանության բռնազավթում): Հայաստանի Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված խորհրդարանականներ Խաչատուր Սուքիասյանի եւ Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նրանց եւս մեղասգրվում է ՀՀ ՔՕ թիվ 300 հոդվածը:
Հիշեցնենք, որ նույն հոդվածով են կալանավորվել են «Նոր Ժամանակներ» կուսացկության ղեկավար Արամ Կարապետյանը, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներ Սմբատ Այվազյանն ու Սուրեն Սուրենյանցը, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, անձեռնմխելիությունից զրկված Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը: