13 մարտի 2008 - 16:42 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն ցանկանում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մարտի 14-ին սպասվող հանդիպմանը Վիեննայում նաեւ քննարկվելու է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նման առաջարկությամբ են հանդես եկել համանախագահները եւ եթե պայմանավորվածություն գրանցվի, ապա նախագահները կհանդիպեն: «Համանախագահները ցանկանում են նախագահների հանդիպումը հնարավորինս արագ կազմակերպել: Ծրագրված է նաեւ հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, սակայն երբ եւ որտեղ այն կլինի, դեռեւս պարզ չէ»,- ասել է Օսկանյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հաղորդել է, որ ապրիլի 3-4-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: