13 մարտի 2008 - 19:13 AMT
ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը կոչ է արել Հայաստանի իշխանություններին չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը
Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին դադարեցնել արտակարգ դրությունը եւ սկսել երկխոսություն ընդդիմության հետ` կարգավորելու փետրվարի 19-ի ընտրություններից հետո տեղ գտած լարվածությունը: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների շահերից է բխում այսօր քայլեր ձեռնարկել ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ: «Նորընտիր նախագահի պաշտոնադրումը մոտենում է: Այս իրավիճակում կարծում եմ կառավարությունը պետք է դադարեցնի արտակարգ դրությունը եւ սկսի իսկական քաղաքական երկխոսություն ընդդիմության հետ», - ասաց դեսպան Տալվիտիեն` զեկուցելով ԵԱՀԿ մշտական խորհրդի ներկայացուցիչներին Հայաստան կատարած իր վերջին երկու այցերի մասին: Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան կոչ էր արել կողմերին դիմել քաղաքական երկխոսության` առկա ճգնաժամը կարգավորելու համար: