14 մարտի 2008 - 17:03 AMT
Սերբերը ՄԱԿ-ի շենքի ուղղությամբ ձեռքի նռնակներ են նետել
Կոսովոյի հյուսիսում` ՄԱԿ-ի դատարանի շենք են այսօր ներխուժել հարյուրավոր սերբեր: Նրանք թույլ չեն տվել աշխատակիցներին անցնել իրենց աշխատավայրեր, իսկ շենքի վերեւում կանգնեցրել են սերբական դրոշը ՄԱԿ-ի դրոշի փոխարեն: Գրոհից առաջ ցուցարարները Կոսովոյում ՄԱԿ-ի շենքի ուղղությամբ մի քանի փոքր ձեռքի նռնակներ են նետել: Որեւէ հստակ պահանջներ սերբերը դեռ չեն ներկայացրել, հաղորդում է Associated Press-ը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը վավերացրել է տարածաշրջանի միակողմանի անկախությունը հռչակող փաստաթուղթը: Դրանից հետո նորահռչակ պետությունը ճանաչել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Եվրամիության եւս մի քանի պետություններ:

Սերբական շրջանի ճանաչման դեմ են հանդես գալիս Ռուսաստանը, Իսպանիան եւ այլ երկրներ: Սերբիայի կառավարությունը կոչ է արել միջազգային հանրությանը չեղյալ համարել բոլոր անօրինական փաստաթղթերը` կապված Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ: