2 մարտի 2018 - 15:19 AMT
ՀՀ-ում ջայլամի մսից բաստուրմա ու սուջուխ են սկսել արտադրել

Հայաստանում զարգանում է ջայլամաբուծությունը, իսկ 2017-ի վերջին մսամթերքի արտադրություն է սկսվել. ջայլամի մսից արտադրվում է բաստուրմա, սուջուխ, տհալ և մատակարարվում տեղական սուպերմարկետներին: Այդ մասին պատմել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին Արմավիրի մարզի Փշատավան համայնքի ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունում:

Նախարարը մարտի 1-ին աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ, որտեղ թափ է առնում ոչ ավանդական գյուղատնտեսությունը:

Ֆերման հիմնադրվել է 2008 թվականին, ջայլամները Հայաստան են ներմուծվել հարևան Իրանից, ներկայում այստեղ բուծվում է 400 ջայլամ, որոնք արդեն հարմարվել են տեղի կլիմային, հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

Ֆերմայի գլխավոր անասնաբույժ Արմեն Սարգսյանի խոսքով` նախատեսում են ընդլայնել գործունեությունը. ջերկի կարտադրեն, ինչպես նաև կզբաղվեն կաշվի և փետուրների վերամշակմամբ:

Հնարավոր է, որ շուտով հայկական ջայլամի մսամթերքը համտեսելու հնարավորություն ունենան նաև Ռուսաստանի սպառողները: