3 մարտի 2018 - 11:21 AMT
Զվյագինցևի «Անսիրությունը» «Սեզար» է ստացել

Հայտնի ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» գեղարվեստական ֆիլմն արժանացել է ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակին: Այդ մասին ասվում է մրցանակի կայքէջում:

Ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում՝ առաջ անցնելով մրցակիցներից, այդ թվում Քրիսթոֆեր Նոլանի «Դյունկերկից» և Դեմիեն Շազելի «Լա-Լա-Լենդից»:

Հունվարի 23-ին ԱՄՆ Կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան հրապարակեց «Օսկարի» հավակնորդների ցանկը: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Զվյագինցևի «Անսիրությունը» կպայքարի չիլիացի Սեբաստիան Լելիոյի «Ֆանտաստիկ կինը», լիբանանցի Զիադ Դուերի «Վիրավորանք», հունգարացի Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» և շվեդացի Ռուբեն Էսթլունդի «Քառակուսին» ֆիլմերի հետ: bwin.ru բուքմեքերը Զվյագինցևի ֆիլմի շանսերը գնահատում է 13 տոկոս՝ (գործակից՝ 7.00), գրում է Lenta.ru-ն:

2017-ի հոկտեմբերին «Անսիրությունը» սատցել է Լոնդոնի միջազգային 61-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Ժյուրիի անդամները ֆիլմը համարել են «շատ պոետիկ և գեղեցիկ»:

Ֆիլմի սյուժեն այն մասին է, որ ընտանիքում, որտեղ ապահարզանից առաջ ծնողներն ակնհայտորեն չեն սիրում ոչ միայն միմյանց, այլ նաև իրենց 12-ամյա որդուն, տղան փախչում է տնից: Նրա որոնումներն էլ կազմում են ֆիլմի բովանդակությունը: Քննադատներն արդեն համեմատում են այն համաշխարհային կինոյի գլուխգործոցների հետ, ինչպիսիք են Անտոնիոնիի «Արկածը», Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» և Հանեկեի «Քողարկվածը»: