10 մարտի 2018 - 11:46 AMT
Թուրքիայի նախկին նախարարի այցը Նիդերլանդներ չեղարկվել է

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախկին նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայի այցը Նիդերլանդներ չեղարկվել է: Այդ մասին հայտնել է հոլանդական ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աննեմեյն վան դեն Բրուքը: Կողմերը փոխադարձաբար այցի ժամկետը «հարմար չեն համարել»:

Ըստ Algemeen Dagblad թերթի, նախկին նախարարը մտադիր էր այցելել Դեվեթեր քաղաք և հանդիպել այնտեղ ապրող թուրքերի հետ: Թուրքական կողմը տեղեկացրել է Նիդերլանդների ԱԳՆ-ին առաջիկա այցի մասին: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևի ընդունումը:

Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերություններում լարվածություն առաջացավ 2017-ի մարտին, երբ թուրք նախարարները, որոնք Նիդերլանդներ էին ժամանել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ քարոզչության նպատակով, արտաքսվեցին երկրից: Իսկ 2018-ի փետրվարին Նիդերլանդները պաշտոնապես հետ կանչեց դեսպանին Անկարայից: