Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամուիլ Աղոյանը վիճաբանել է ղպտի եկեղեցու ներկայացուցչի հետ Սուրբ կրակի իջման հարցում: Միջադեպը տեղի է ունեցել «Հադաշոտ 2» հեռուստատեսային հաղորդման նկարահանումների ժամանակ:
Աղոյանը հայտարարել է, որ լինելով Կուվկուլիայում (ժամատուն, որտեղ իջնում է հրաշափառ կրակը), 3 անգամ ականատես է եղել, թե ինչպես են պատրիարքները մոմերի խրձերը վառում կանթեղից և ոչ մի միստիկ բան Սուրբ կրակի մեջ չկա: «Աստված հրաշքներ է գործում, բայց ոչ մարդկանց գոհացնելու համար»,-պարզաբանել է եկեղեցականը, հայտնում է Lenta.ru-ն Israel Info-ի վրա հղումով:
Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:
Այդ արտահայտությունը վրդովեցրել է նկարահանմանը ներկա ղպտիին: «Կներեք, բայց նա ստում է: Դադարեցրեք նկարահանումը: Կրակը երկնքից է իջնում և պատրիարքն այն հանում է դուրս և կիսվում հավատացյալների հետ»: Աղոյանն ի պատասխան առարկել է, թե ղպտիները ներկա չեն լինում Բարեբեր կրակի իջմանը:
Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Զատկի տոնին ընդառաջ կրակն իջնում է Երուսաղեմի և Պաղեստինի պատրիարքի մոմերին ու կանթեղին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցում:Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից