Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները ՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը), առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- գրել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն 25.000 զինծառայողի մասնակցությամբ:
Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը: