14 մարտի 2018 - 18:01 AMT
ԵՄ-ն բարձրացնում է շենգենյան վիզայի վճարը €80-ի. ՀՀ-ի վրա չի անդրադառնա

Եվրահանձնաժողովն առաջարկում է Շենգեն գոտու վիզայի վճարները ներկայիս €60-ի փոխարեն հասցնել €80-ի: Այս մասին հայտնում է ԵՄ ներքին, միգրացիոն և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնա մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Այս երկրների քաղաքացիները նախկինի պես շենգենյան վիզայի համար կվճարեն €35:

«Այս չափը հաստատվել է ԵՄ-ի և մի շարք երրորդ երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման ուղղված համաձայնագրերով»,- հայտնել են Եվրահանձնաժողովից:

Նշվում է, որ շենգենյան վիզայի թանկացումն անհրաժեշտ է անվտանգության ուժեղացման և վիզայի տրամադրման համակարգի բարեփոխման համար: Եվրահանձնաժողովը մշակվում է ԵՄ վիզային կանոնների բարեփոխումներ, որոնք պետք է հեշտացնեն շենգենյան տարածք մուտքն օրինական ճանապարհորդողների համար:

Նախատեսվում է վիզա ստանալու հայտադիմումը ներկայացնելու ամբողջ գործընթացը դարձնել էլեկտրոնային: