Մարտի 15-ին կայացած հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրն ավարտվել է 4 ոչ ոքիով։ Արոնյանը ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Խաղաղ արդյունքով են ավարտվել նաև Ֆաբիանո Կարուանա – Սերգեյ Կարյակին, Ուեսլի Սո – Վլադիմիր Կրամնիկ, Լիրեն Դինգ – Շահրիյար Մամեդյարով զույգերի հանդիպումները:
Մարտի 16-ին, Երևանի ժամանակով 18։00-ին կկայանա 6-րդ տուրը, որտեղ Լևոն Արոնյանը սևերով կմրցակցի Ուեսլի Սոյի հետ, հայտնում է Chess.am-ը։
Մյուս զույգերն են՝ Ֆաբիանո Կարուանա – Ալեքսանդր Գրիշչուկ, Լիրեն Դինգ – Սերգեյ Կարյակին, Շահրիյար Մամեդյարով – Վլադիմիր Կրամնիկ:
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: