Առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար կասկածանքով կալանավորվել է Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Մադաթյանը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, Մադաթյանը 2017 թվականիn ՀՀ ՊՆ N զորամասի դասակի նախկին հրամանատար, ավագ լեյտենանտին խորհուրդներ է տվել ծառայությունը շարունակել իր բնակավայրին մոտ ու համոզելու միջոցով դրդել առանձնապես խոշոր չափի՝ $3000 կաշառք տալ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձին` նրան ՊՆ Ամասիայի զինվորական կոմիսարի տեղակալի թափուր պաշտոնին նշանակելու համար:
Գումարը ստանալուց հետո նա օժանդակել է ավագ լեյտենանտի նշանակմանը։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու կաշառքի դիմաց ավագ լեյտենանտի նոր պաշտոնի նշանակմանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը:
Մարտի 17-ին հայտնի էր դարձել 30 մլն դրամ «օտկատներ» վերցրած ՀՀ ՊՆ վարչության պետի տեղակալի ձերբակալության մասին։ Մարտի 5-ին 2 բարձրաստիճան սպա՝ ՊՆ կենտրոնական դեղաբազայի հրամանատարի տեղակալն ու պահեստապետը ձերբակալվել էին 45 մլն դրամի հասնող յուրացման կասկածանքով։