24 մարտի 2018 - 11:59 AMT
Ֆրանսիայում ահաբեկչության ժամանակ իրեն պատանդի հետ փոխանակած ոստիկանը մահացել է

Ֆրանսիացի ոստիկան Առնո Բելտրամը, որն իրեն փոխանակել էր պատանդի հետ մարտի 23-ին Կարկասոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ, մահացել է հիվանդանոցում: Նա 45 տարեկան էր:

Բելտրամը, ըստ առկա տվյալների, վիրավորվել էր 26-ամյա Ռեդուան Լակդիմի կողմից, որը պատանդներ էր վերցրել սուպերմարկետում: Երբ ահաբեկիչն ազատ է արձակել պատանդների մեծ մասին, միայն մեկին թողնելով որպես կենդանի վահան, Բելտրամը ցանկացել է փոխարինել նրան, գրում է Meduza-ն:

Ըստ չհաստատված տվյալների, Լակդիմը Բելտրամին դանակի մի քանի հարված է հասցրել և 2 հրազենային վիրավորում: Լսելով կրակոցները՝ հատուկջոկատայինները ներխուժել են տարածք և սպանել Լակդիմին:

Մարտի 23-ին Ռեդուան Լակդիմն ավտոմեքենա է առևանգել Կարկասոնում՝ սպանելով ուղևորին և վիրավորելով վարորդին: Մեքենայից նա կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին: Այնուհետև հարևան Տրեբե քաղաքում նա մտել է սուպերմարկետ և պատանդներ վերցրել՝ սպանելով 2 մարդու: Ընդհանուր առմամբ ահաբեկչության հետևանքով սպանվել է 3 մարդ, տուժել՝ 16-ը:

Լակդիմն իրեն «Իսլամական պետության» կողմնակից է անվանել և պահանջել է ազատել Սալահ Աբդեսալամին, որը մեղադրվում է որպես 2015-ին Փարիզի ահաբեկչության կազմակերպիչ: Ըստ ոստիկանության, ավելի վաղ Լակդիմը հայտնի էր իշխանություններին որպես թմրանյութերի վաճառքով զբաղվող անձ: