28 մարտի 2018 - 14:43 AMT
Սիրիայում ԱՄՆ զորքերը կանխել են բախումը ռուսների հետ

ԱՄՆ զորքերը Սիրիայում կանխել են բախումը ռուսաստանցիների հետ, որը կարող էր այն միջադեպի կրկնությունը դառնալ, երբ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով ռուսաստանցի վարձկաններ զոհվեցին: Այդ մասին մարտի 27-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:

Ռուսաստանյան ստորաբաժանումները շարժվում էին Եփրատից դեպի արևելք գտնվող բաժանարար գծով դեպի այն տարածքը, որտեղ կողմերը կարող են գործողություններ իրականացնել, ասել է Մեթիսը: Սակայն, նրա խոսքերով, ռուսները չափից շատ են մոտեցել ԱՄՆ զինվորների դիրքերին, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ ԶՈւ կենտրոնակայանների պետերի կոմիտեի նախագահ Ջոն Դանֆորդն այն ժամանակ կապվել էր ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ միջադեպի առնչությամբ, որից հետո ռուսները նահանջել են:

Մեթիսը չի հիշատակել, թե հատկապես երբ է դա տեղի ունեցել, սակայն մարտի 22-ին Պենտագոնը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Դանֆորդն ու Գերասիմովը բանակցել են Սիրիայի և մի շարք այլ հարցերի շուրջ: Ռուս վարձկանները տեղաշարժվել են Դեր Զորի շրջանում՝ տեղեկություններ ստանալու համար ԱՄՆ զորքերի դիրքերի մասին, հայտնում է AFP-ն աղբյուրների վրա հղումով:

Փետրվարի 8-ին Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի տակ են հայտնվել կառավարամետ ջոկատները, որոնք փորձել են գրավել տեղի նավթավերամշակման գործարանը: Ջոկատները կազմավորված էին հիմնականում ռուսաստանցի վարձկաններից: Ըստ տարբեր գնահատականների, արդյունքում զոհվածների թիվը մի քանի տասնյակից հասնում է 100-ի: Ըստ անկախ հետազոտողների Conflict Intelligence Team (CIT) խմբից, զոհվածների մի մասը «Վագներ» կազմակերպության վարձկաններ էին: