29 մարտի 2018 - 11:16 AMT
2018-ին ՌԴ-ն կսկսի նոր վարկով զենքի մատակարարումը ՀՀ-ին

Ռուսաստանը 2018-ին կսկսի նոր՝ 100 մլն դոլարի, վարկով զենքի մատակարարումը Հայաստանին: Այդ մասին Երևանում բացված ArmHiTech-2018 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:

«Առաքումները նախատեսված են 2018-ին»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանը նոր ռուսական ռազմական վարկի շրջանակում մտադիր է Մոսկվայից «ռազմավարական զսպման» զենք գնել:

2017-ի դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրենք է ստորագրել 100 մլն դոլարի պաշտպանական վարկ ՌԴ-ից վերցնելու մասին, որի մարման ժամկետը 15 տարի է: