Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպման ժամանակ նախարարը հայտնել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՖՄԿ քարտուղարկության հետ սերտ համագործակցությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ ունեցան հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձան գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին:
Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ֆրասնիական երկկողմ համագործակցությունը շարունակական և համակողմանի զարգացում է ապրում՝ նշանավորվելով բազմաթիվ, այդ թվում` նախագահական փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, նոր բարեկամական կապերի հաստատմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև, տնտեսական համագործակցության խորացմամբ, Հայաստանում Ֆրանսիական բիզնեսի ներկայության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի ամրացմամբ։
Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։