24 մարտի 2008 - 16:27 AMT
Սերբիան առաջարկել է բաժանել Կոսովոն երկու մասի
Սերբիայի կառավարությունը նամակ է հղել ՄԱԿ` առաջարկելով կիսել Կոսովոյի տարածքը: ՄԱԿ-ի փաստաթղթում, որը մինչ այժմ ձեւականորեն կառավարում է երկրամասում առաջարկվում է կիսել Կոսովոն էթնիկ սկզբունքով` սերբերի եւ ալբանացիների միջեւ: Մասնավորապես, այն շրջաններում, որտեղ մեծամասնությունը կազմում են սերբերը (խոսքը Կոսովոյի տարածքի 15 տոկոսի մասին է), ոստիկանության, մաքսային եւ դատական համակարգի վերահսկումը պետք է իրականացնեն հենց սերբերը, այլ ոչ թե Կոսովոյի ալբանացիները: Համաշխարհային հանրությունն ու Կոսովոյի կառավարությունն այդ առաջարկությանը դեռեւս չի արձագանքել, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»: Փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո իրավիճակն երկրամասում փոխվեց միայն ձեւական տեսակետից, իսկ փաստացի ամեն ինչ նույնը մնաց: Սերբական անկլավները, ինչպես նաեւ Սերբիային սահմանակից Միտրովիցա քաղաքը մինչ այժմ չի վերահսկվում Կոսովոյի իշխանությունների կողմից: Ավելին, ՄԱԿ-ի ոստիկանությունը եւ KFOR զինվորները ստիպված են պաշտպանել սահմանները սերբական եւ ալբանական տարածքների միջեւ` թույլ չտալու համար ազգամիջյան նոր բախումներ:

Կոսովոյի անկախությունը ներկայումս ճանաչել են 30 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան: