3 ապրիլի 2018 - 11:44 AMT
Real Sport. «Արսենալը» պետք է կառուցվի Մխիթարյանի և Օբամեյանգի շուրջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և գաբոնցի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի ժամանումը Լոնդոնի «Արսենալ» պետք է դառնա շարժիչ ուժ ակումբում փոփոխությունների համար: Այս մասին Real Sport-ում գրել է ֆուտբոլային մեկնաբան Ջեք Դուդլին:

Ըստ նրա, Մխիթարյանն ու Օբամեյանգը փորձում են նոր շունչ հաղորդել ակումբին. նրանք բերել են նոր ոճ և մոտեցում:

«Հաճախ նորեկներից ժամանակ է պահանջվում նոր ակումբին հարմարվելու համար՝ հատկապես Օբամեյանգի դեպքում, ով առաջին անգամ է Պրեմիեր լիգայում: Սակայն նրա և Մխիթարյանի դեպքում եղավ ճիշտ հակառակը», - գրում է հեղինակը՝ հավելելով, որ «զինագործներին» նոր «դեմք» է հարկավոր, և որ նրանք պետք է կառուցեն իրենց թիմը Մխիթարյանի և Օբամեյանգի շուրջ:

«Նրանց երկուսի ժամանումն ակումբ նոր հիմք դրեց, բայց հարց է, թե ինչ կկառուցի ակումբն այդ հիմքի վրա»,- գրում է Դուդլին:

Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը Լոնդոնի «Արսենալ» են տեղափոխվել 2018 թվականին:

Photo. Reuters