26 մարտի 2008 - 15:43 AMT
ԵՄ-ն ընտրության առջեւ է կանգնեցնում Սերբիային
Եվրամիության խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Յացեկ Սարիուշ-Վոլսկին հինգշաբթի կայցելի Բելգրադ եւ կհանդիպի Սերբիայի ղեկավարության հետ` առաջարկելու համար ԵՄ-ի եւ Սերբիայի հարաբերությունների զարգացման երկու տարբերակ: ԵՄ ներկայացուցիչը մտադիր է հարցնել սերբերին թե երկու սցենարներից որն են նրանք ընտրում` մեկուսացում տարածաշրջանում, որը մի քանի տարվա հեռանկարում պատկանելու է Եվրամիությանը, թե արագ ինտեգրում:

«Երկրորդ դեպքում Բրյուսելը պատրաստ է Բելգրադի հետ փաստաթղթեր ստորագրել, որոնց շնորհիվ սերբերը շուտով կկարողանան առանց վիզաների շրջել ԵՄ-ում, օգտվել ԵՄ հիմնադրամների ֆինանսական օգնությունից, իսկ 2-3 տարի անց Սերբիան կարող է բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,-ասել է Սարիուշ-Վոլսկին լեհական «Dzennik» թերթին տված հարցազրույցում:

Դա կլինի Եվրամիության ներկայացուցչի առաջին այցը Սերբիա 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումից եւ աշխարհի 34 երկրների կողմից ճանաչվելուց հետո: