11 ապրիլի 2018 - 16:31 AMT
Սաուդյան Արաբիայում մեկնարկել է երկրի պատմության առաջին նորաձևության շաբաթը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է երկրի պատմության մեջ կանանց առաջին նորաձևության շաբաթը: Ապրիլի 10-ի երեկոյան տեղի է ունեցել քառօրյա միջոցառման առաջին ցուցադրությունը: Խիստ կանոններ են սահմանվել՝ ներկա կարող են լինել միայն կանայք, իսկ նկարահանումներն արգելված են:

Էր Ռիադ են ժամանել նորաձևության աշխարհի մի շարք աստղեր, մասնավորապես, Ռոբերտո Կավալլին և Ժան Փոլ Գոտյեն, գրում է Deutsche Welle-ն:

Նորաձևության շաբաթը Սաուդյան Արաբիայում, որտեղ կանանց թույլատրվում է միայն ավանդական երկար հանդերձանք՝ աբայա և նիքաբ կրել, դիտարկվում է որպես քաղաքական ազդանշան:

2017-ի սեպտեմբերին թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իշխանության եկավ 2017-ի հունիսին, կարգադրեց 2018-ից հանել ավտոմեքենա վարելու կանանց համար գործող արգելքը: Նա նաև հայտարարեց երկրի արդիականացման մեկնարկի մասին: 1980-ականներին կինոթատրոններն ու զվարճանքի այլ հաստատությունները փակել էր երկրի պահպանողական ղեկավարությունը:

Սաուդյան Արաբիայում 35 տարում առաջին անգամ հանրային կինոթատրոն է բացվում: Ամերիկյան AMC Entertainment Holdings Inc. ցանցի հաստատությունը կսկսի աշխատել ապրիլի 18-ին: