13 ապրիլի 2018 - 16:55 AMT
Մալթայում Հայաստանի մշակութային օրեր կանցկացվեն

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը (EUFSC)՝ Հայաստանի մշակույթի նախարարության և Մալթայի մշակույթի, արդարադատության և տեղական ինքնակառավարման նախարարության, Arts Council Malta և Valleta--2018 Foundaton-ի աջակցությամբ, ապրիլի 18-30-ը կանցկացվի Հայաստանի մշակութային օրերը Մալթայում:

Մշակութային միջոցառումները կմեկնարկեն աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգով:

Կհնչի Ջութակի և նվագախմբի համար կոնցերտը՝ Ղազախստանի Ժողովրդական արտիստուհի, Ղազախստանի արվեստի ազգային համալսարանի ռեկտոր, ջութակահարուհի Այման Մուսախոջաևայի մասնակցությամբ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբինվագակցությամբ, որը կղեկավարի դիրիժոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը:

«Այս տարին Մալթայի և Հայաստանի համար յուրահատուկ է՝ հոբելյանական. լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և Մալթայում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը ևս մեկ իրադարձություն է,որը կարող է նպաստել դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի գլխավոր առավելություններից մեկը հնագույնմշակույթն է, և այս հանգամանքը պետք է օգտագործել, քանի որ հենց մշակույթն է լավագույն դիվանագիտությունը: Մշակույթն առաջ է անցնում և քաղաքականությունից, և տնտեսությունից, և եթե երկու երկրների միջև մշակութային կապերը զարգանան, մնացյալ բոլորհարաբերությունները կզարգանան հավուր պատշաճի»,- նշել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահԿոնստանտին Իշխանովը:

Մալթայում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում տեղի կունենան հայտնի հայ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի համերգները՝ մալթացի երաժիշտների հետ միասին: Նրանք կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև հայտնի մալթացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է նաև հայ ռեժիսորների՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի, Հայաստանի Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի և երիտասարդ ռեժիսոր Նարեկ Սաֆարյանի ֆիլմերի դիտում:

Միջոցառումների շարքում են նաև հայ մեծ կոմպոզիտորներ Կոմիտասին և Արամ Խաչատրյանին նվիրված ցուցադրությունները, ինչպես նաև «Խաչքարերը» և «Քարերի գաղտնիքը» ցուցահանդեսները:

Տեղի կունենա նաև 1565թ. Մալթայի Մեծ պաշարմանը նվիրված մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Մեծ պաշարման կերպարները» սիմֆոնիկ ցիկլի պրեմիերան՝ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ: Համերգը տեղի կունենա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Մալթայի շնորհալի երեխաները և Հայաստանի «Արվեստի և մշակույթի հիմնադրամի» կրթաթոշակառու երեխաները հանդես կգան համերգային ծրագրով: Ելույթ կունենա նաև հայկական ARAXE պարային համույթը, որը մեծ վարպետությամբ հայկական ավանդական պարերը համադրում է ժամանակակից խորեոգրաֆիայի տարրերի հետ: PBS հեռարձակման ծառայության աջակցությամբ ելույթ կունենան «Եվրատեսիլում» հանդես եկած լավագույն կատարողները Հայաստանից և Մալթայից: Համերգային ծրագիր կներկայացնի նաև աշխարհահռչակ Խաչատրյանի անվան տրիոն (Արմինե Գրիգորյան՝ դաշմանուր, Կարեն Շահգալդյան՝ ջութակ, Կարեն Քոչարյան՝ թավջութակ):

Մալթայում Հայաստանի մշակութային օրերը կեզրափակվեն THE MAGIC CELLO խորագրով համերգով, որը տեղի կունենա Միջերկրածովյան կենտրոնի Republic Hall-ում: Հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստ, Պ.Ի. Չայկովսկու անվան Միջազգային XIV մրցանակաբաշխության I մրցանակի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը՝ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, որը կղեկավարի Սախալինի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանը, հայտնում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի մամուլի ծառայությունը: