29 մարտի 2008 - 13:23 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փոխարինումը իրեն չի արդարացնի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխարինումը իրեն չի արդարացնի: Այդ մասին հայտարարել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին:

Նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում երեք երկիր է ներկայացված` Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եւ մտնում են G8-ի մեջ: «Բոլոր այդ պետությունները մեծ հեղինակություն ունեն միջազգային ասպարեզում: Ո՞վ պետք է նրանց փոխարինի: Միջնորդը պետք է ուժեղ լինի: Եթե ուժեղը չի կարող կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ապա ինչ սպասել թույլից: Օգտագործելով ուժեղ պետություններին` մենք ցանկալիին հասնելու ավելի մեծ շանսեր ունենք: Թույլ պետությունների ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ոչնչի չի բերի: Խնդիրը կարելի է լուծել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, հավատարիմ մնալով մեկ սկզբունքի, ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Իսկ դրա համար անհրաժեշտ է հզորանալ»,- նշել է պատգամավորը, հաղորդում է ադրբեջանական Trend-ը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կանչման կամ փոխարինման դիմումով: