31 մարտի 2008 - 15:15 AMT
«Ագո»-ի խումբը քաղաքական երկխոսության կոչ է անում Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման «Ագո»-ի խումբը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված վեց առաջարկներից կազմված փաթեթ: Այդ մասին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է խմբի ղեկավար, շվեդ դիվանագետ Պեր Սյոգրենը: Նրա խոսքերով, տվյալ փաստաթղթի նպատակն է «վերադարձնել Հայաստանը զարգացման ժողովրդավարական ուղու վրա»: «Մենք առաջարկում ենք ազատել բոլոր քաղբանտարկյալներին, որոնք ձերբակալվել են մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, եւ Հայաստանի արդարադատության նախարարությունն ու գլխավոր դատախազությունն արդեն հավաստիացրել են մեզ, որ բոլոր գործերը կդիտարկվեն սեղմ ժամկետներում: Մենք նաեւ գտնում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը պետք է տեղեկություններ ունենա 102 ձերբակալվածների վերաբերյալ: «Ագո»-ի խումբը հավանություն է տալիս մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ եւ արդար ուսումասիրությանը: Սակայն դա պետք է լինի ազգային հետաքննություն, որին, եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան, կարող են միանալ նաեւ միջազգային կառույցները: Սակայն, կրկնում եմ, դա ՀՀ իշխանությունների գործն է»,-ասել է շվեդ դիվանագետը: Նա նաեւ նշել է, որ Հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մասին օրենքում ուղղումները կատարվել են առանց Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցությունների, որն արդեն իր եզրակացությունն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ: «Մենք ժողովրդավարական չենք համարում օրենքի ուղղումները: Եվ, վերջապես, «Ագո»-ի խումբը կոչ է անում իշխանություններին եւ ընդդիմությանը գնալ քաղաքական երկխոսության»,-ասել է Սյոգրենը:

Իր հերթին, Վարդան Օսկանյանը նշել է, որ այդ առաջարկներն ուղղված են Հայաստանում ստեղծված իրավիճակի շտկմանը: «Մենք դրական ենք գնահատում «Ագո»-ի խմբի նախաձեռնությունը»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարության որոշ աշխատակիցներին աշխատանքից ազատելու փաստին, որոնք դիմել էին դատարան, ապա Վ.Օսկանյանն ասել է, որ համապատասխան հրամանագրերը ստորագրվել են հայկական օրենսդրության շրջանակներում: