31 մարտի 2008 - 18:03 AMT
Թուրքիայի Սահմանադրական դատարանը սկսել է իշխող կուսակցության լուծարման վերաբերյալ հայցի քննարկումը
Թուրքիայի Սահմանադրական դատարանում սկսվել է Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) լուծարման վերաբերյալ դատավարությունը` գլխավոր դատախազի դիմումի հիման վրա: Սակայն, դատարանը որոշել է չքննարկել դատավարության շրջանակներում երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի համար քաղաքական գործունեության արգելքի հարցը, ինչպես դա պահանջում է գլխավոր դատախազը:

Մեղադրող կողմի զեկույցը ներկայացրել էր ՍԴ հատուկ զեկուցողը, որը նշանակվել էր պարզելու համար թե որքանով է հիմնավորված հայցը: Մասնավորապես, ԱԶԿ-ի դեմ ուղղված հայցում մեղադրանք կա քաղաքական նպատակներով կրոնն օգտագործելու վերաբերյալ եւ աշխարհիկ Թուրքիային շարիատի ռեժիմ պարտադրելու ձգտման համար: ԱԶԿ-ի լուծարման հետ միասին, հայցվորը պահանջել է քաղաքական գործունեության հնգամյա արգելք սահմանել կուսակցության 71 ներկայացուցիչների համար` նրա առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, ինչպես նաեւ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ, որը մինչ նախագահի պաշտոնում ընտրվելը եղել է Էրդողանի տեղակալը կուսակցությունում:

Նախօրեին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը զգուշացրել է, որ եթե ԱԶԿ-ն արգելվի, Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունները կարող են կասեցվել, հաղորդում է NTV-turk-ը: