22 ապրիլի 2018 - 11:24 AMT
Ցուցարարները երթով շարժվում են Խանջյան փողոցով (Թարմացվող)

Ապրիլի 22-ին ԶԼՄ-ների ներկայությամբ կայացած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո, մեկնարկել է ընդդիմության բազմամարդ քայլերթը դեպի Էրեբունի վարչական շրջան:

Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 22-ին ժամը 19:00-ին կայանալու է հանրահավաք Հանրապետության հրապարկում:

15։10 Գլխավ որ դատախազությունը տեղեկացրեց, որ ձերբակալվել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը:

14։40 Ալեն Սիմոնյանի առաջնորդած ցուցարարների մեծ խումբը Գր․ Լուսավորչի փողոցից թեքվեց ու հիմա շարժվում է Խանջյան փողոցով՝ կոչ անելով հարակից շենքերի բնակիչներին միանալ իրենց։

14:15 Քիչ առաջ Շենգավիթի բաժանմունքից դուրս եկած փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանըհաստատեց, որ պատգամավոր Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանըգտնվում են ներսում, բայց իրեն թույլ չէին տվել տեսակցության մտնել՝ որպես փաստաբան:

14։10 Շենգավիթում ոստիկանական բաժանմունքի դիմաց, որտեղ պահվում է նաև պատգամավոր Արարատ Միրզոյանը, բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ու վանկարկում են «Նիկոլ, Նիկոլ»։ Իրավիճակը լարված է։ Նրանցից ոմանք ոստիկանների շարունակում են կոչ անել միանալ իրենց։

14։00 Քաղակտիվիստ Ալեն Սիմոնյանը, որն առաջնորդում է բազմաթիվ քաղաքացիներից կազմված խմբերից մեկը, քաղաքապետարանի մոտ հայտարարեց, որ շարժվում են դեպի Հաղթանակի կամուրջ։ Նա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ «ոստիկանների հետ ոչ մի շփում»։

13։30 Հոգևորականների մասնակցությամբ հավաքի ցուցարարներին ոստիկաններն ասացին՝ «խորհուրդ ենք տալիս գնալ տներով, հավաքն արդեն օրինական չէ»։ Մինչ այդ Հանրապետության հրապարակից շարունակում են բերման ենթարկել քաղաքացիների։

13։10 Հանրապետության հրապարակում բազմաթիվ ոստիկաններ կան։ Իրավապահները շղթա են կազմել Կառավարության շենքի մուտքի դիմաց։ Բարձրախոսով տեղեկացնում են ցուցարարներին, որ հավաքն անօրինական է ու պահանջում ազատել Հրապարակը։

13։05 Պատգամավոր Արարատ Միրզոյանը կնոջը տեղեկացրել է, որ գտնվում է ոստիկանության Շենգավիթ բաժանմունքում։

13։00Էրեբունիում մնացած ցուցարարները սկսեցին ինքնակազմակերպվել՝ շարունակելով երթն ու ավելի շատ մարդկանց ներգրավելով։

12։55 Արշակունյաց պողոտայում ցուցարարների երթին է միացել Երևանի Սբ Սարգիս եկեղեցուխորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանն ու մի քանի այլ հոգևորական։

12։45 Ցուցարարների մի մասն այժմ Արշակունյաց պողոտայով շարվում է դեպի կենտրոն։

12։15 ՀՀ Սահմանադրությամբ, պատգամավորները կարող են մեկուսացված մնալ 72 ժամ, քանի որ նրանք անձեռնմխելիություն ունեն, հայտնում է «Ազատությունը»։

12։10Պատգամավոր Արարատ Միրզոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․«Ինձ, Նիկոլին, Սասունին ու լիքը մարդու ապօրինաբար ու բռնի ուժով բռնել են»։

11:53Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում: Նրանք հեռացնում են ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին:Նա ԱԺ պատգամավոր է և անձեռնմխելիություն ունի։

11:50 Սասուն Միքայելյանն է այժմ ելույթ ունենում: Նա կոչ է անում բոլորին մնալ իրենց տեղերում և չնահանջել:

11:45 Նիկոլ Փաշինյանին ուժայինները տարել են: Նա ԱԺ պատգամավոր է և անձեռնմխելիություն ունի։ Կան բերման ենթարկված քաղաքացիներ:

11:42 Ոստիկանությունը հատուկ ջոկատայիններ է ուղարկել Արցախի փողոց: Նրանք հատուկ միջոցներ են կիրառում:

11:35 Ցուցարարներն այժմ Արցախի փողոցում են: