1 ապրիլի 2008 - 14:36 AMT
Հայկական կողմն ստիպված է ուղղումներ մտցնել Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում
Ադրբեջանի ջանքերը ԵԱՀԿ ձեւաչափից ՄԱԿ Ղարաբաղի խնդրի կարգավորման տեղափոխման ուղղությամբ եւ ռազմատենչ հայտարարությունները ստիպում են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին որոշակի ուղղումներ մտցնել իրենց մոտեցումներում, կապված Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության հետ: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մասնավորապես, մեկնաբանելով իր վերջին հայտարարությունը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հնարավոր ճանաչման մասին` Քոչարյանը նշեց, որ ճանաչման փոխարեն «դեռեւս կարելի է համապատասխան համաձայնագիր կնքել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ադրբեջանական սպառնալիքի չեզոքացման համար»: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա դրության մասին` Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու հարցը այս տարիների ընթացքում չի քննարկվել: «Կարգավորման նկատմամբ մոտեցման բովանդակությունը Ղարաբաղի ինքնորոշման ճանաչումն է»,- նշել է Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: