24 ապրիլի 2018 - 15:24 AMT
Պեսկով. ՀՀ և Ուկրաինայի միջև զուգահեռներ անցկացնելը տեղին չէ

Մոսկովյան Կրեմլում հակված չեն զուգահեռներ անցկացնել հայաստանյան իրադարձությունների և Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման միջև: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ իրավիճակը միանգամայն տարբեր է, համեմատությունը տեղին չէ:

«Անշուշտ, դեռ հարկ կլինի վերլուծել իրավիճակը, և կրկնում եմ մեկ անգամ ևս՝ մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Սակայն, հիմա կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ զուգահեռներ անցկացնելը տեղին չէ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրադարձությունները Հայաստանում պետական հեղաշրջում էին, քանի որ նմանատիպ իրադարձություններն Ուկրաինայում «նույնպես ընթացել են փողոցի ճնշման տակ», գրում է ՌԻԱ Նովոստին:

Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: