30 ապրիլի 2018 - 12:21 AMT
Փաշինյան. Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ սատարում է ԼՂՀ ներկայիս իշխանություններին։ «Մենք լիարժեք սատարում ենք ԼՂՀ իշխանություններին», - հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հայաստանյան ժողովրդական ալիքը տարածվի նաև Արցախում ու այնտեղ էլ իշխանափոխություն իրականացնի։

Խոսելով ԼՂ հարցում Բաքվի դիրքորոշման մասին՝ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է և այդ պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են Երևանը գրավելու հայտարարություններ, պետք է հետևողական ուժեղացնել մեր բանակը, բանակի մարտական ոգին, հայտնում է Aysor.am-ը:

«Դա է ճանապարհը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար», - հավելել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայիս դիրքորոշման շարունակվելու դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է «նպաստի, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանն ու վերադառնա կառուցողական դաշտ»։

ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանից ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նրա կարծիքի մասին՝ հիշեցնելով, որ իր խմբակցությունն այդ հարցով նույնիսկ խորհրդարանական լսումներ էր հրավիրել:

Փաշինյանը բացատրել է, որ ընդդիմությունը տարբեր կառույցների վերաբերյալ առկա հարցերը այլ երկրների իշխանությունների կամ տվյալ միության գործադիր մարմնի անդամների հետ քննարկելու հնարավորություն չունի, ուստի խնդիրները բաձրաձայնում է նաև լսումների միջոցով:

«Դա տարբերակներից մեկն է, որպեսզի առկա խնդիրները բարձրաձայնվեն ու համապատասխան արձագանք ստանան: Երբ դու իշխանություն ես ներկայացնում, հնարավորություն ունես այդ պրոբլեմները փաստաթղթավորել, գնալ ու քննարկել գործընկեր երկրների հետ ու համբերատար երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական արդյունքներ կունենանք»,-ասել է ԱԺ պատգամավորը, հայտնում է Panorama.am-ը:

Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ինքը ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում:

«Բայց դա չի նշանակում, որ մենք ասում ենք, որ այդ միությունում խնդիրներ չկան, խնդիրներ կան ու դրանք կքննարկվեն գործընկեր երկրների հետ: Խոսքը ոչ թե ԵԼՔ խմբակցության դիրքորոշման, այլ Հայաստանի պոտենցիալ, հնարավոր նոր կառավարության դիրքորոշման մասին է»,-ասել է Փաշինյանը:

Լրագրողները հարցրել են նաև Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին:

«Ես չեմ կարող հիմա կոնկրետ անձանց կոնկրետ խնդիրներ քննարկել, ես կարող եմ երաշխավորել, որ իմ վարչապետ ընտրվելու դեպքում երկրում օրինականություն կհաստատվի»,-ասել է նա:

ՀՀ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցությունը պաշտոնապես առաջադրել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում։

Մայիսի 1-ին խորհրդարանում տեղի կունենան վարչապետի ընտրությունները։ Ընդդիմությունը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պահանջում է ԱԺ-ից հաստատել վերջինիս թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որպեսզի նա տանի քաղաքական պրոցեսը դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ։ Մայիսի 1-ի ընտրություններին ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է «ժողովրդի թեկնածուին» պաշտպանելու որոշման մասին, ՀՅԴ-ն հայտարարել է, որ կքվեարկի Փաշինյանի թեկնածության օգտին։ ՀՀԿ-ն խոստացել է, որ մեկ թեկնածու լինելու դեպքում չի խանգարելու ընտրության պրոցոսին։