3 ապրիլի 2008 - 15:54 AMT
Երեւանում քննարկել են Հայաստանի եւ ԵՄ-ի առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ապրիլի 2-ին Երեւանում կայացել է Հայաստան-Եվրահանձնաժողով առեւտրի եւ տնտեսության հարցերով ենթահանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության մամլո ծառայությունը, նիստն անցել է հայկական կողմը ներկայցնող ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի եւ եվրոպական կողմը ներկայացնող Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի (RELEX) ղեկավար Անդրես Մալդոնադոյի նախագահությամբ:
Նիստի աշխատանքներին մասնակցել են նաեւ հայկական նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարը, դեսպան Պաուլ դե Լուզենբերգերը, Պատվիրակության անդամներ ու Եվրահանձնախողովի ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության եւ դաշնակցության մասին համաձայնագրի իրականացումը, Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների ակտիվացման հետ կապված հարցեր:
Կողմերը նաեւ քննարկել են հնարավոր պայմանները երկկողմանի առեւտրային կապերի ամրապնդման համար հնարավոր պայմանները, այդ թվում Հայաստանի ընդգրկումը Եվրամիության կողմից անցկացվող հետազոտության մեջ` ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրային գոտի ստեղծելու հնարավորության շուրջ: Բացի այդ քննարկվել են Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ տրամադրելու հանարվորությունը, ինչպես նաեւ GSP+ համակարգին միանալու հարցը: