3 ապրիլի 2008 - 17:58 AMT
Մեթյու Բրայզան հուսով է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը շուտով կավարտվի
«Մենք գիտենք ՀՀ նորընտիր հարգարժան նախագահին վաղուց, գիտենք ինչպիսի մարդ է նա եւ կարծում ենք, որ նրա հետ կարող ենք շարունակել Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները»,- Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, ակնհայտ է, որ բանակցային գործընթացը կշարունակվի: «Ամենակարեւորն այն է, որ ՀՀ նախագահի երդմնակալությունից հետո նախագահները հնարավորություն ունենան հանդիպել եւ շփվել միմյանց հետ: Մենք պարզապես սպասում ենք նման հնարավորության»,-ասել է Մեթյու Բրայզան: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշմանը վերաբերող հարցին, ամերիկացի համանախագահը պատասխանել է, թե կարծում է` Ադրբեջանը եւս համաձայն է, որ գործընթացը պետք է շարունակվի` չնայած եղան սուր պահեր: Նա վստահություն է հայտնել, որ գործընթացը կշարունակվի, միաժամանակ հույս հայտնելով, որ այն կտեւի ոչ այնքան երկար եւ շուտով կավարտվի: «Այսօր սկիզբն էր, Հայաստանի նախագահի երդմնակալությունը դեռ չի եղել եւ քայլ առ քայլ պետք է առաջ գնալ»,- ասել է նա: Պատասխանելով ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխման հնարավորության վերաբերյալ հարցին, Մեթյու Բրայզան ընդգծել է, թե կա մի ձեւաչափ` դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ այսօր չկա լուրջ պահանջ այդ ձեւաչափը փոխելու: «Կարծում եմ, որ գործընթացն առաջ է ընթանում»,- նշել է ամերիկացի համանախագահը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: