2 մայիսի 2018 - 10:10 AMT
Բողոքի ակցիաները վերսկսվել են. Փակ են փողոցներն ու մայրուղիները (Թարմացվող)

Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:

Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

10:30 Մի խումբ փաստաբաններ փակել են որոշ նախարարությունների մուտքերը: Սկզբում մեքենաներով էին փակել, սակայն ոստիկանության աշխատակիցների հորդորներից հետո փաստաբանները համաձայնվեցին տեղափոխել մեքենաները հետիոտնի համար նախատեսված ճանապարհային հատվածներից և փակել մի շարք նախարարությունների, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության մուտքը մարդկային ուժերով՝ նստելով դռների դիմաց:

10:15 Երևանի փողոցները 10։10 դրությամբ

Ցուցարարները տարբեր ժամերին փակել են Աշտարակ-Երևան ճանապարհը, Լամբադա կամուրջը, «Դալմայի» մոտ հատվածը, դեպի Առաջին Մաս տանող ճանապարհը, Նժդեհի հրապարակը, Արարատի մարզից Երևան ճանապարհը, Կիևյան-Օրբելի հատվածը, Ռոստովյան փողոցը, Փարաքարը, Իսակովի պողոտան, Կորյուն-Տերյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկները, Տիգրան Մեծ-Նար-Դոս, Արցախ-Ռոստովյան, Լենինգրադյանը, Մյասնիկյանը, մետրոն՝ մասամբ, Բագրատունյաց-Սեբաստիա հատվածը ու բազմաթիվ փողոցներ Երևանում ու մարզերում։