ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովում կայացած ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ մայիսի 1-ին Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ:
«Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին», ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա:
«Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»,-ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:
Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է: