3 մայիսի 2018 - 13:18 AMT
Սահմանամերձ համայնքների ուսանողների ուսվարձը մասնակի կփոխհատուցվի

Սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վճարը մասնակի կփոխհատուցվի ուսանողական նպաստի ձևով: Այդ մասին համապատասխան որոշում է ընդունել կառավարությունն իր մայիսի 3-ի նիստում:

Որոշման համաձայն՝ գերազանցությամբ սովորողների համար նախատեսվել է 60 տոկոս, իսկ մյուս ուսանողների համար՝ 30 տոկոս զեղչի կիրառման հնարավորություն:

Այդ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցումը կիրականացվի պետբյուջեի «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Ըստ հիմնավորման՝ 2017-ին իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներից և Տավուշի մարզի Բերդ համայնքից ՀՀ բուհերում բակալավրի կրթական ծրագրով սովորում է 945 ուսանող: Նրանցից 70-ը գերազանց առաջադիմությամբ, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 135.397.740 դրամ:

Մագիստրոսի կրթական ծրագրով սովորող ուսանողների թիվը 101 է, որից 18-ը՝ գերազանց առաջադիմությամբ: Վերջիններիս ուսման վարձի փոխհատուցման չափը կազմում է 18. 275. 700 դրամ:

Մայիսի 3-ին կառավարության գործող կազմով վերջին նիստն էր: Մայիսի 8-ին ԱԺ-ն պետք է նոր վարչապետ ընտրի, որն էլ կձևավորի նոր կառավարություն: