Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Այնուհետև կսպասենք վարչապետի կառավարության ձևավորմանը, ծրագրի ներկայացմանն ԱԺ: Մենք որևէ ռևանշիզմի, վրեժխնդրության, աննպատակ անձնական ատելության խնդիր չենք դրել և չենք դնելու: Մենք բացառապես մեր պայքարը պատկերացնում ենք ծրագրային և գաղափարական դաշտում, այլ ոչ թե ինքնանպատակ դեմ ենք քվեարկելու։ Մենք երբեք ձևի գերի չենք եղել, մեզ համար ամենակարևորը բովանդակությունն է», - ասել է Շարմազանովը, ասել է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը, հիմքը լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը։
«Հանրապետականի համար եղել ու կլինի ամենաէականը գաղափարախոսությունը»,- հավելել է նա։
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: