8 մայիսի 2018 - 17:51 AMT
ԵՄ. Անհրաժեշտ է երկխոսություն ՀՀ-ում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների միջև

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի կառույցի հետ համագործակցությունը նաև վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ:

Երկրի առջև ծառացած խնդիրները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է երկխոսություն Հայաստանում քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության կայքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն մտադիր է աշխատել Փաշինյանի և նրա կառավարության հետ ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի իրագործման ուղղությամբ: Աշխատանք կտարվի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պահպանման հետագա ամրապնդման ուղղությամբ:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: