10 մայիսի 2018 - 18:03 AMT
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարը հրաժարական է տվել

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը հրաժարական է տվել: Նա հայտարարել է, որ վայր է դնում լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում:

Պաշտոնակատարի հայտարարության մեջ մանավորապես ասվում է. «ՀՀ կառավարության կազմում ինձ վստահվել էր զբաղեցնել ֆինանսների նախարարի պաշտոնը, որին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ: Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը պետական ֆինանսների կառավարման ոլորտում դրական զարգացումներ գրանցելու համար` ի նպաստ մեր երկրի ապագայի:

Շնորհակալ եմ ՀՀ ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց օպերատիվ և անաչառ լուսաբանման համար: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել»:

Նա մաղթել է երկրին խաղաղություն, տնտեսական կայունություն և զարգացման նոր հեռանկարներ, իսկ նոր կառավարությանը՝ հաջողություններ իր նախաձեռնություններում և ջանքերում: Միաժամանակ վստահեցրել է, որ ամենայն պատասխանատվությամբկատարելու է նախարարի պաշտոնակատարի բոլոր գործառույթները մինչև նորանշանակ նախարարի կողմից սույն պաշտոնի ստանձնումը՝ սահուն անցումն ապահովելու համար:

ՀՀ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն ազատվել են պաշտոններից: ՀՀ նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագրերը: