10 մայիսի 2018 - 19:13 AMT
Սերժ Սարգսյանի հիմնած «Լույս» հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը

«Լույս» հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ մասին ասվում է հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանի տարածած հայտարարության մեջ, որտեղ նա նշում է, որ այսօր՝ մայիսի 10-ին, «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասել է նա։

Գործադիր տնօրենը չի նշել, թե ով և ինչպես է ծանուցել հիմնադրամի գործունեության դադարեցման մասին։

«Լույս»-ը հիմնադրել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հիմնադրամը գործում է 2009 թվականից։ Դրա առաքելությունն աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թվի ավելացումն է՝ համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։