7 ապրիլի 2008 - 19:58 AMT
Վալդաս Ադամկուս. Հայաստանն առանձնահատուկ երկիր է Լիտվայի համար
Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսն այսօր, ապրիլի 7-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրյուս Ապուոկասին: Երկրի ղեկավարը շնորհավորել է Ապուոկասին, որը դարձել է Հայաստանում Լիտվայի առաջին դեսպանը: Հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ Ադամկուսը նշել է, որ Հայաստանն «անռանձնահատուկ երկիր է Լիտվայի համար, որի վրա ներկայուսմ ուղղված է ողջ Եվրոպայի հայացքը»: Նախագահի կարծիքով, հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը հնարավորություններ կբացի նոր շուկաների ստեղծման համար եւ կնպաստի մշակութային փոխանակությանը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Լիտվայի կառավարությունը մարտի 12-ին երկրի նախագահ Վալդաս Ադամկուսին էր ներկայացրել Հայաստանում Լիտվայի դեսպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուին: Մինչ այս նշանակումը Ապուոկասը զբաղեցնում էր Լիտվայի արտգործնախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: 1998-2003թթ. նա եղել է Լիտվայի գլխավոր հյուպատոսը Չիկագոյում` ԱՄՆ, 1995-1998թթ. Լիտվայի ԱԳՆ-ին կից Ամերիկայի երկրների գործերով բաժնի վարիչն էր, 1992-1995թթ. Չեխիայում Լիտվայի դեսպանի օգնականն էր, 1991-1992թթ. զբաղեցնում էր Լիտվայի ԱԳՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպաների բաժնի երկրորդ եւ առաջին քարտուղարների պաշտոնները: Հայաստանում Լիտվայի դեսպանատունը հիմնվել է 2007թ. հոկտեմբերի 1-ին: