8 ապրիլի 2008 - 15:48 AMT
Միակ ելքը Հայաստանում ստեղծված իրադրությունից երկխոսությունն է հանրության ակտիվ մասնակցությամբ
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը այսօր քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել, որում, ասվում է. «Այսօր Հայաստանում բարդ քաղաքական իրադրություն է ստեղծվել, որի կարգավորման համար հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է օբյեկտիվ եւ անաչառ ձեւով ներկայացնեն ստեղված իրադրության բոլոր պատճառները: Այս ամենի համար պատասխանատու են եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը, որը երկխոսության գնալու ցանկություն չհայտնեց»,- ասվում է Արման Մելիքյանի հայտարարության մեջ: Իր հայտարարության մեջ նա նաեւ ընդգծել է, որ արժանահավատ չի համարում ՀՀ ԿԸՀ կողմից հրապարակված ընտրությունների պաշտոնական արդյունքները, ինչի մասին վկայում է Հայաստանի Սահմանադրական դատարան ներկայացրած իր հայցն ու իր անցկացրած հանդիպումները դիտորդական առաքելությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ:

«Ստիպված եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Հայաստանը օրենքի երկիր չէ եւ մեր պետության համար այս ճակատագրական պահին արդյունավետ կլինեն միայն այն քաղաքական լուծումները, որոնք կբխեն բացառապես հանրության շահերից».- նկատել է Արման Մելիքյանը:

Միակ ելքն ստեղծված իրադրությունից նա համարում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ քաղաքական երկխոսության հաստատումը, որին ակտիվորեն կմասնակցի հանրությունը: «Բոլոր այդ գործընթացների իրականացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը կդադարեն մեղադրել միմյանց եւ կհասնեն կոնսենսունսի»,- հայտարարել է Արման Մելիքյանը: